Այս անգամ մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես էին ամերիկացիներն իրենց միլիարդները ծախսում ԽՍՀՄ-ը քանդելու համար: Խորհրդային ցանկացած քաղաքացի վստահ էր, որ մեր հզոր կայսրությունը քանդողների մեջ էին Գորբաչովը, Շևարդնաձեն, Յակովլևը, Ալիևը և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի մյուս կարկառուն դեմքերը: Նման համոզմանը զուգահեռ նաև հասկանում էին, որ քանդարարությունը չէր կարող իրականացվել այդքան ակնհայտ ձևով՝ տարբեր միջպետական պայմանագրեր ստորագրելով: Հիշատակված պետական գործիչները կարող էին ընդամենը որպես գործիք ծառայել այն ուժերի համար, որոնք իրականացնում էին քանդման պրոցեսը:
Կրեմլից իշխողները, որպես թվացյալ այսբերգների գագաթներ, կարող էին հեռակա կարգով հետևել քանդման պրոցեսին՝ նույնիսկ տեղյակ չլինելով, թե ինչեր են կատարվում իրենց քթի տակ, և ինչ հնարամտությամբ են գործում ամերիկացիները: Պարզ է` երկիրը կործանելու համար նախ և առաջ պետք էր քայքայել տնտեսությունը, մինիմումին հասցնել երկրի պաշտպանական պոտենցիալը, հասարակության մեջ դժգոհության տպավորիչ ալիքներ բարձրացնել, թշնամանք հրահրել բազմազգ երկրի ժողովրդների միջև և այլն, և այլն:
Տարբեր առիթներով ինձ հաջողվել է հանդիպումներ ունենալ կրեմլյան որոշ գործիչների հետ ու սեփական կարծիք ձևավորել մեր բարձրագույն իշխանավորների հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպել եմ Լեոնիդ Բրեժնևի (Մոսկվա, 1975 թ., ռազմական տեխնիկայի ու տեխնոլոգիաների ցուցահանդես, թռուցիկ հանդիպում ու հարցական հայացքների փոխանակում), Միխայիլ Սուսլովի (Մոսկվա, 1970-71 թ., պարբերաբար), Ալեքսեյ Կոսիգինի (Աբովյան, 1979 թ. սեպտեմբերի 12), Էդուարդ Շևարդնաձեի և Հեյդար Ալիևի (Աբովյան, 1979 և 1980 թթ.), ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Իվան Արխիպովի (Աբովյան, 1982 թ.), ավիացիայի գլխավոր մարշալ Կուտեպովի, ՀԼԿԵՄ առաջին քարտուղար Բորիս Պաստուխովի (Աբովյան, 1982 թվական), Էլեկտրոնային արդյունաբերության նախարար Ալեքսանդր Շոկինի (Մոսկվա, Աբովյան, 1976-1985 թթ., պարբերաբար), ԽՍՀՄ ՌԱՀ նախագահ Լեոնիդ Սմիռնովի հետ: Թռուցիկ կամ կանոնավորված հանդիպումների ու զրույցների միակ թեման միկրոէլեկտրոնիկան էր, ոլորտի արդի վիճակն ու զարգացման հեռանկարները:
ԽՍՀՄ բարձրաստիճան ղեկավար կազմի հետ հանդիպումներից հետո գալիս էի նույն եզրահանգմանը. նրանք իրականությունից ամբողջությամբ կտրվել են, առաջ են շարժվում իներցիայով, իրենց համար կարևոր նպատակ են դարձել պաշտոնական դիրքի պահպանումը: Գործերից անտեղյակ, հուսահատության աստիճանի բարոյալքված այդ մարդիկ ունակ չէին հանդես բերելու որևէ նախաձեռնություն, կամ որևէ ակտիվ գործունեություն ծավալելու, երկրում դրությունը փոխելու նպատակով: Օրինակ, մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Իվան Արխիպովը ուղղակիորեն խոստովանեց, որ չի հավատում, թե ԽՍՀՄ-ին երբևիցե կհաջողվի նորմալ էլեկտրոնիկա ունենալ:
-Այ, այլ բան է Ճապոնիան… Առաջիկա քսան տարում դժվար թե կարողանանք հասնել նրանց մակարդակին:
Նման հոռետես ղեկավարներին ու հրամանատարներին Ստալինը միանգամից գնդակահարում էր, որովհետև հասարակության մեջ կարող էին վտանգավոր խուճապային տրամադրություններ տարածել: Արխիպովը Աբովյան էր եկել որդու և հարսի հետ: ԽՍՀՄ-ում ձևավորվել էր նման ավանդույթ. բարձրաստիճան ղեկավարները գալիս էին հանգստանալու, բայց այն ձևակերպում էին որպես հարազատ երկրին անմնացորդ ծառայելու հերթական ակցիա, տեսարժան վայրերից ու կերուխումից հետո, ձևի համար, այցելում էին նաև տեղի արդյունաբերական ձեռնարկությունները, ծանոթանում էին մարդկանց հետ, ինչ-որ զրույցներ վարում, խորհուրդներ տալիս:
Այլ տպավորություն ստացա Կոսիգինի ու Սմիռնովի հետ ունեցած հանդիպումներից. նրանք երկրի հոգսերով տառապող, քաղաքական ու տնտեսական ճգնաժամերից դուրս գալու ելք փնտրող պետական գործիչներ էին, որոնք չէին խուսափում խորհուրդներ ստանալուց ինձ նման երիտասարդ գիտնականներից: Հետաքրքիր անցավ Սմիռնովի հետ կայացած հանդիպումը, որին մասնակցում էին նաև Կարեն Դեմիրճյանն ու Ֆադեյ Սարգսյանը: Սմիռնովը խնդրեց ներկայացնել միկրոէլեկտրոնիկայի տեխնիկական ու տեխնոլոգիական այն պրոբլեմները, որոնք աշխարհում դեռևս լուծված չեն և որոնց լուծումը թույլ կտա մոտենալ ու առաջ անցնել մեր հիմնական մրցակցից` Ճապոնիայից: Իր հարցերի պատասխանը նա կարող էր ստանալ նաև Մոսկվայում, ավելի հայտնի ու հզոր մասնագետներից, բայց, հավանաբար, այլ կարծիք էլ էր ուզում լսել ու համեմատել ոլորտի պատասխանատուների տեսակետների հետ, գտնել ու բռնել զարգացման ճշմարիտ ուղին:
Դա 1979 թվականի դեկտեմբերի 1-ին էր, մեր զրույց-քննարկումը շարունակվեց մինչև ժամը 23-ը, ես շտապում էի, ավելի կարևոր անձնական գործեր ունեի. երկրորդ երեխաս էր ծնվելու: Անհամբեր էի` տղա՞ է, թե՞ դարձյալ աղջիկ: Աղջիկ ծնվեց՝ ապագա ճարտարապետ Գայանե Համազասպյանը: Լինեմ անկեղծ` ինձ համար նա մի քանի տղա արժե:
Տվյալ պահին Սմիռնովի հետ հանդիպումը ավելի կարևոր էր. նա այն մարդն էր, ում որոշումներից էր կախված ԽՍՀՄ, այդ թվում Հայաստանի գիտության ու ռազմական արդյունաբերության զարգացման ճակատագիրը: Նրա միջոցով էին նպատակային գումարներ հատկացվում, պետական նշանակության ծրագրեր ստեղծվում ու իրականացվում, գործարաններ ու դրանց կից քաղաքներ կառուցվում: Մտնել ՌԱՀ-ի ծրագրերի մեջ, նշանակում էր ունենալ նոր ինստիտուտներ ու գործարաններ, ունենալ արտասահմանյան թանկարժեք տեխնիկայի համար անհրաժեշտ վալյուտա, ստանալ ֆոնդեր՝ տեղական արտադրության տեխնիկա ու հումք ձեռք բերելու համար, ինչը շատ կարևոր էր Հայաստանում զարգացող ռազմական արդյունաբերության համար: Սմիռնովի որոշումներն ու ծրագրերը Կրեմլում չէին քննարկվում, միայն հաստատվում էին (հավելեմ` նրա աշխատավայրը Կրեմլն էր): Անգամ Բրեժնևը չէր կարող ազդել սմիռնովական որոշումների վրա:
Որոշեցի չշտապել ու միկրոէլեկտրոնիկայի կարևոր հիմնախնդիրները ներկայացնել ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի առաջին դեմքին, իր գործի իսկական նվիրյալին: Դա պատմական այն պահերից էր, որպիսիք մեր կյանքում քիչ էին պատահում: Նշեմ, որ ԽՍՀՄ արդյունաբերության, գիտության մեջ ու բանակում մեծ թիվ էին կազմում սկզբունքային, հայրենասեր, պրոֆեսիոնալ մարդիկ, իրենց գործի իսկական նվիրյալները, որոնք դեռևս կարողանում էին առաջ տանել արդյունաբերությունը՝ փորձելով երկիրը հեռու պահել տնտեսական խոր ճգնաժամերից ու սպասվող կոլապսից: Հատկապես այդ հայրենասեր ուժերի դեմ էին աշխատում երկրի փլուզման գործը կազմակերպող ներքին ու արտաքին թշնամիները:
Այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել, մեր անկախ երկրի ներսում ազատորեն գործում են և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիները, անում են ամեն ինչ, որ մեր անկախ երկիրը թուլանա: Ցավոք, այսօր էլ անզիջում պայքար է մղվում Հայաստանի պրոֆեսիոնալ հանրության դեմ, աշխատել ու շարունակում են աշխատել, որ արդյունաբերության ու տնտեսական գործերից նման պրոֆեսիոնալները հնարավորինս հեռու պահվեն: Քանի՜-քանի «կուկլա» գործարաններ քանդեցին ու հողին հավասարեցրին, այսօր մի արհեստանոց չի մնացել, որ հայ ինժեները կարողանա իր նախագծերը մետաղի վերածել, երկրի համար նոր տեխնիկա ու տեխնոլոգիաներ ստեղծել, արդյունաբերությունը զարգացնել: Չի էլ հասկացվում, թե ինչ թշնամություն է սա, դրա ոտքերը որտեղից են աճում: Մի քանի օր առաջ «Հայելու առաջ» հեռուստահաղորդման հյուրն էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով պատասխանատու Հովիկ Աղազարյանը, սպասում էի, որ մի քանի խոսք էլ կարտասանի արդյունաբերությունից կամ տնտեսությունից, չասաց, չխոսեց, չարտասանեց: Հաղորդման մեջ կարմիր թելի պես անցնում էր միայն տրանսգենդերների թեման, միգուցե դա է իրենց մտահոգության միակ առարկան, հավանաբար դրանցից քաջատեղյակ են, լավ են հասկանում, բայց արդյունաբերությունից, ցավոք, չեն հասկանում: Տեղին է հիշել Ադոլֆ Հիտլերին, որ իշխանության գալուն պես իր մոտ հրավիրեց գործարանատերերին, հողատերերին ու հստակ պայման դրեց` ոչ մեկի սեփականությանը ձեռք չի տա, եթե նրանք աշխատեն հանուն երկրի, հանուն Գերմանիայի: Հիտլերյան այդ մոտեցումը դրվել է ժամանակակից Գերմանիայի սահմանադրության հիմքում. սեփականատերը ազատ է իր գործողություններում, սեփականության հետ կարող է վարվել այնպես, ինչպես կցանկանա, բայց պետք է անի այնպիսի բաներ, որոնք օգուտ կտան պետությանը և հասարակությանը: Այսօր էլ գերմանացիներն աշխատում են այնպես, որ օգուտ տան իրենց երկրին ու հասարակությանը, ազգովին ծաղկեցնեն ու հզորացնեն Գերմանիան: Գերմանական Սահմանադրության վերջին պարբերությունը դուրս է թողնված Հայաստանի ու գրեթե բոլոր հետխորհրդային երկրների սահմանադրություններից, ինչը մեր սեփականատերերին թույլ է տալիս, առանց օրենքները խախտելու, քանդել ու ավերել իր սեփականությունը դարձած կարևոր օբյեկտները, գործարաններն ու ֆաբրիկաները, առանց մատը մատին տալու, հայկական գործող օրենքների տիրույթում օդից փող քամել: Օրինակ, 750 հազար դոլարով կարելի է ձեռք բերել Սպիտակի վերելակների գործարանը, վաճառել ունիկալ տեխնիկան, մեծ գումարներ աշխատել, հետո քանդել ու հողին հավասարեցնել մեքենաշինական գործարանի մասնաշենքերը՝ հաշվարկներից դուրս թողնելով, որ տվյալ գործարանի նախնական գինը, սարքավորումների հետ, կազմել է 100 միլիոն խորհրդային ռուբլի կամ 164 միլիոն դոլար: Սեփականատերը հաշվի չի առել Սպիտակի հասարակության սոցիալական խնդիրները, որ երկրաշարժից տուժածներն ու նրանց արդեն երրորդ սերունդը զրկվելու է աշխատանք ունենալու հեռանկարից:
Արթուր Վանեցյանին ուղղված «բաց նամակ-բողոքի» պատասխանն այսպիսին էր` վերելակների գործարանի սեփականատերը չի խախտել ՀՀ Սահմանադրության նորմերը, հանցանշանները բացակայում են:
Հավատում եմ, գիտեմ, որ օրենքները չեն խախտվել, բայց ի՞նչ օրենքներ են դրանք, որոնք չեն նպաստում արդյունաբերության զարգացմանը, դրանք անկատար են, որովհետև գրվել ու համաձայնեցվել են եվրոպական համապատասխան կառույցների հետ: Ավելի ճիշտ է ասել` գրվել են նրանց թելադրանքով ու պարտադրանքով: Ի՞նչ տնտեսական հեղափոխություններից է խոսվում Հայաստանում, եթե հայկական օրենքները ուղղակիորեն միտված են մեր արդյունաբերական պոտենցիալի զրոյացմանը, աշխատատեղերի ոչնչացմանը, տնտեսության քանդմանն ու ավերմանը: Եվ այդ ամենը արվում է մեր ձեռքով, մեր քանդող վարպետների միջոցով, որոնց պակասը չի զգացվում, քանդում են ու քանդում, քանդողները շատ են, անչափ շատ:
Մեր օրենքների անկատար լինելու մասին է խոսում նաև «Արարատցեմենտին» առնչվող վերջին պատմությունը: Հնարավոր է, որ գործարանում ընթանում է արտադրության օպտիմալացման, ծախսերի նվազեցման ու շահութաբերության համալիր ծրագիր, որտեղ հաշվի չեն առնվել բանվորների սոցիալական խնդիրները: Ցեմենտի արտադրության փակ ցիկլի փոխարեն, երբ ցեմենտը արտադրվում էր տեղական հումքով, առաջարկվում է ցեմենտի գործարանում օգտագործել իրանական արտադրության ցեմենտի թրծված կիսապատրաստուկ (կլինկեր): Արդյունքում կունենանք մոտ հազար գործազուրկ պրոֆեսիոնալ բանվորներ՝ Հայաստանում և նույնքան էլ նոր աշխատատեղեր՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանվորների համար: Սա նախօրոք կազմակերպված, մեր երկրին պատիվ չբերող կեղտոտ գործարք է՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի անմիջական մասնակցությամբ: Դատեցեք ինքներդ, իրանական կլինկերի վրա մաքսատուրք չի սահմանվում, բայց ծանր մաքսատուրք է դրվում ներկրվող իրանական ցեմենտի վրա: Սա նշանակում է, որ Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարությունը կարողանում է լուծել իր հիմնական տնտեսական խնդիրը՝ ձեռք բերել էժան հումք և մոնոպոլ դիրք ապահովել իր պատրաստի արտադրանքի համար (սա հայտնի էր նաև Մարքսին` էժան հումք և վաճառքի երաշխավորված շուկա) հազար բանվորի հերն էլ անիծած՝ իրենց ընտանյոք հանդերձ: Ժամանակին Արարատի ցեմենտի գործարանին հաջողվեց ազատվել իր ներքին մրցակցից՝ Հրազդանի ցեմենտի գործարանից, հիմա կարող է աշխատել իր շահույթները ավելացնելու ուղղությամբ, ինչը և արվում է ՀՀ ԱԺ օգնությամբ՝ նոր, ավելի հարմար, նպատակային օրենքներ մոգոնելով:
Վստահ չեմ, որ մեր գործարանատերերը այն աստիճանի անգետ են, որ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի արդյունաբերության հետ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, չեն տեսել երևույթների իրական պատկերը, փախչում են ռեալ իրականությունից: Դարձյալ դիտարկենք ցեմենտի դեպքը: ԽՍՀՄ-ի օրոք Հայաստանում կառուցվել է ցեմենտի երկու գործարան՝ Արարատում և Հրազդանում: Դրանք ընդամենը գործարաններ են եղել, որոնք լրացրել են ԽՍՀՄ ցեմենտի արդյունաբերության արտադրական սեգմենտը: Հայաստանը երբեք չի ունեցել ցեմենտի արդյունաբերություն, Հայաստանը ունեցել է ցեմենտի արտադրություն՝ հայկական հումքային բազայի վրա: Ի՞նչ էր պետք անել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Պետք էր կազմակերպել փակ ցիկլով աշխատող ցեմենտի արդյունաբերություն, որի համար պետք էր ֆինանսավորել, օրինակ, պրոֆիլային «Քարի ու սիլիկատների» ԳՀԻ-ի աշխատանքները՝ խնդիր դնելով ստեղծել ցեմենտի ժամանակակից տեխնոլոգիաներ, կազմակերպել գիտական ու հետազոտական նոր ստորաբաժանումներ, կատարագործել եղած տեխնոլոգիական սարքավորումները, ստեղծել նորերը և այլն՝ հրաժարվելով իր դարն ապրած ու անխնա շահագործված տեխնիկայից ու տեխնոլոգիաներից: Մի խոսքով, Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները պետք է միասին, համատեղ ուժերով ու ֆինանսավորմամբ կազմակերպեին ցեմենտի հայկական արդյունաբերություն, որը չի արվել, ու հիմա ձեռքը գցել են փրփուրներին, այս ձևով սեփական շահույթներն են փորձում պահել ու պահպանել: Նշեմ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, առաջնահերթության կարգով, պետք էր նախաձեռնել հայկական գործարանների վերապրոֆիլավորման, վերադասավորման, ներքին կոոպերացիայի ձևավորման ու ակտիվացման, մասնագետների վերապատրաստման ու վերապրոֆիլավորման, ավանդական տեխնոլոգիաների պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացները: Ոչինչ չի արվել, ու հիմա ի՞նչ ենք ուզում, դատարկ գլուխներով ու միայն քայլելով տնտեսական հեղափոխությո՞ւն ենք փորձում իրականացնել, չի լինի, չի հաջողվի, արդյունաբերությունն ունի զարգացման իր տրամաբանությունը, որից անընդհատ հեռանում ենք:
Հռետորական հարց եմ ուզում տալ Արարատի ցեմենտի գործարանի բանվորներին. ո՞րն էր Փաշինյանի կողքին քայլելու ձեր առաքելությունը, ուզում էիք գործազու՞րկ դառնալ, կդառնաք… Ի՞նչ ասեմ, ընտրությունը ձերն է:
Բայց վերադառնանք Սմիռնովի պատմությանը: Նրան ներկայացրի առաջնահերթ խնդիրները: Առաջիկա 50 տարիներին միկրոէլեկտրոնիկայի զարգացման հիմնական խնդիրը լինելու է միկրոսխեմաների բազային էլեմենտների չափերի անընդհատական նվազեցման ապահովում՝ մինչև մեկ նանոմետր, ինտեգրացիայի աստիճանը անընդհատ պետք է աճի՝ մինչև ակտիվ կոմպոնենտների թիվը հասնի ու գերազանցի մեկ միլիոնը` ներկայիս 50 հազարի փոխարեն: Օպտիկական լիտոգրաֆիան իր տեղը զիջելու է լիտոգրաֆիայի ռենտգենյան և էլեկտրոնային տարբերակներին: Չնայած միկրոսխեմաների նախագծումը պարզեցվելու ու իրականացվելու է կոմպյուտերային տեխնիկայով՝ ստանդարտացված և ունիֆիկացված ծրագրային միջոցներով, բայց տեխնոլոգիական դժվարին խնդիրներ են առաջանալու դրանց արտադրության ժամանակ, որոնք պետք է հաղթահարվեն, ծանր են դառնալու, օրինակ, պատրաստի միկրոսխեմաների աշխատունակության ստուգման, դեֆեկտների դիագնոստիկայի և հուսալիության կանխագուշակման գործերը: Այսպես, 64 ոտիկ ունեցող մեծ ինտեգրալ սխեմաների աշխատունակությունը ստուգելու համար կպահանջվի օգտագործել 2-ի 64 աստիճանի թվով թեստերի հավաքածու: Եթե ստուգման տակտային հաճախականությունը հասնի մեկ ԳՀց-ի, որը դարձյալ դժվար գործ է և այս պահին չի գերազանցում մեկ ՄՀց-ը, ապա մեկ միկրոսխեմա ստուգելու համար կպահանջվի առնվազն 2 հազար ժամ, դա անիմաստ է: Սիլիցիումի մեկ թիթեղի վրա կա 200-ից մինչև 500 միկրոսխեմա, որոնց ընդհանուր ստուգման համար կպահանջվի 115 տարի:
-Իսկ ինչպե՞ս են այսօր իրականացնում այդ չափումները,- հետաքրքրվեց Սմիռնովը:
-Օգտագործում են սահմանափակ թվով, այսպես կոչված, պսևդոպատահական թեստերի հաջորդականությունը, որոնք ապահովում են ճշտության խիստ պայմանական որակը:
-Իսկ Ճապոնացինե՞րը:
-Ճապոնացիները հենվում են իրենց ստեղծած տեխնոլոգիական պրոցեսների կատարելության ու բանվորների անհասկանալի բարձր ճշտապահության վրա՝ չունենալով ու չտեսնելով խնդրի լուծման այլ ճանապարհներ:
-Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում:
-Պրոֆեսոր Գորյունովի հետ առաջարկել ենք միկրոսխեմաների ստուգման գործը կազմակերպել օպտիկական եղանակով, օգտագործել բազմաճառագայթանոց օպտիկական զոնդեր՝ ներկայիս մեխանիկականի փոխարեն, երբ մուտքի և ելքի ինֆորմացիան ստացվում է ֆոտոազդանշանների միջոցով՝ էլեկտրականի փոխարեն: Ստուգումը կարող է իրականացվել, հատկապես, միկրոսխեմաների արտադրության նախնական փուլերում՝ մինչև մեխանիկական կոնտակտների ձևավորումը, թեստերի թիվը կտրուկ կնվազի՝ հավասարվելով ակտիվ էլեմենտների, բայց ոչ նրանց կոմբինացիաների թվին: Մեկ միկրոսխեմայի ստուգման պրոցեսը կտևի ոչ ավելի, քան 0,1 վրկ և անմիջապես արտադրության տեխնոլագիական պրոցեսի ընթացքում: Մյուս կողմից բացառվելու է թեստերի գեներացիայի ծանր օպերացիան՝ փոխարենը օգտագործելով ավտոգեներացիայի ռեժիմը՝ ավտոկոռելյացիոն ֆունկցիաների միջոցով:
-Կարեն Սերոբովիչ, մենք պետք է օգնենք Աբովյանի երիտասարդներին, նրանք ապագայի խնդիրներ են լուծում, Մոսկվայում անմիջապես կստորագրեմ Հայաստանում նոր ինստիտուտ և գործարան կազմակերպելու հրամանը:
Այդպես, Աբովյանի մեր լաբորատորիայում որոշվեց բացել Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի գիտական բաժինը: Դեմիրճյանը նպատակահարմար համարեց այն բացել Արտաշատ քաղաքում՝ հաշվի առնելով տեղական աշխատանքային ռեսուրսների առկայությունը և ինժեներական կադրերին գիտական աշխատանքներով ապահովելու կարևորությունը: Արտաշատի ու Արարատի շրջաններում դա առաջին գիտահետազոտական ինստիտուտն էր, որտեղ կարող էին աշխատել տեղի հարյուրավոր ինժեներները: Միկրոսխեմաների տեխնոլոգիական ստուգման մեր գյուտը՝ արևային տեխնիկայի ու տեխնոլագիաների հետ, ես ընդգրկեցի «20+1 առաջարկություն՝ բիզնեսի համար» ժողովածուի մեջ՝ անգլերենով:
1998 թվականին Երևանում տեղի ունեցավ գործարարների միջազգային մեծ համաժողով, որտեղ հանդես եկա ելույթով՝ ներկայացնելով իմ 21 բիզնես առաջարկները, այդ թվում չիպերի ստուգման մեր տեխնոլոգիան՝ առանց բացահայտելու տեխնոլոգիական գաղտնիքներ: Հետաքրքիր էր իմ կողքին նստած ճապոնացի մասնագետի ռեակցիան: Նա կարդում-կարդում ու արագ շրջվում էր դեպի ինձ, մի քանի անգամ դա կրկնվեց, ճապոնացին զարմացել էր, իր աչքերին չէր հավատում, որ Հայաստանում կարող են նման թեմաներով աշխատել և, ավելին, լուծել այն խնդիրները, որոնք անլուծելի են մնացել ճապոնացիների ու մյուսների համար: Համոզված եմ` մինչ օրս նրանք հեռու են մեր արդյունքներց:
Մի դրվագ էլ հայ գիտնականների ստեղծած գործերից. գիտության մեջ մենք սահմաններ չենք ճանաչել, անլուծելի տեխնիկական խնդիրներ չենք ունեցել, բայց հիմա կանգնել ենք փակուղու առաջ և միայն մեր ապաշնորհ իշխանավորների անկարողության ու անտեղյակության պատճառով: Իհարկե, ավելի մեծ հաջողությամբ մենք կարող ենք լուծել հայկական տնտեսության ներկայիս դժվարին խնդիրները, բայց դրանց պետք է մոտենալ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ՝ վերջ տալով տնայնավարությանն ու իշխանավորների շարունակվող վակխանալիային:
Հաջորդ անգամ կպատմեմ, թե ինչպես էինք մեր տանը խորոված պատրաստում էլեկտրոնային արդյունաբերության ամենաինֆորմացված ու վտանգավոր ամերիկյան գործակալի հետ:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ